Մարդկության պատմությանը մշտապես ուղեկցող տենդենցը հարաբերականորեն թույլերի ուժերի միավորումն է համեմատաբար ավելի հզորի ուժերին հավասարակշռելու կամ դրանց գերազանցելու համար։
Այս տենդենցը մարդկանց կյանքի հարատևման ու նրանց ապրելու ձգտման անմիջական հետևանքն է, բայց այն, կոնկրետ պայմաններում, կարող է իրականություն դառնալ կամ չդառնալ։
Բանն այն է, որ իրար հետ իրենց ուժերը միավորել ցանկացող հարաբերական թույլերի միջև ընթացիկ հարաբերությունները սովորաբար բաժանվում են երկու խմբի՝ համագործակցության և հակամարտության, քանի որ նրանց շահերն ինչ-որ հարցերում կարող են համընկնել, այլ հարցերում էլ՝ չհամընկնել։
Այսինքն, թույլերի փոխհարաբերությունները բնութագրվում են միմյանց միջև վանող ու ձգող ուժերով և նույնը նրանց ու իրենց վրա ճնշում գործադրող երրորդ՝ ավելի հզոր ուժի կամ ուժերի միջև։
Եվ այստեղ այս ուժային եռյակի հարաբերությունների հետագա ընթացքը որոշվում է նրանց միջև բոլոր տեսակի ձգող-դրական ու վանող-բացասական ուժերի բալանսով ու դիսբալանսով։
Որպես ուժերի նման միավորման օրինակ կարելի է բերել վերելք ապրող Ռուսաստանի ու Չինաստանի ուժերի միավորումը, որոնք գտնվում էին Արևմուտքի ընդհանուր ճնշման տակ, և որը դարձավ միաբևեռ աշխարհի բազմաբևեռին անցնելու հիմնական պատճառը, մի պրոցես, որը դեռևս գտնվում է ընթացքի մեջ։
Այս անցումային պրոցեսով պայմանավորված ուկրաինական պրոքսի պատերազմը, դրանում Ռուսաստանի ունեցած հաջողությունները և ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը վեջին մի քանի ամսում կտրուկ փոխել են գլոբալ ուժերի դասավորությունն աշխարհում։
Աշխարհում գլոբալ ուժերի դասավորության նման կտրուկ փոփոխությունը պայմանավորված է նաև արևմտյան ուժերի ներքին երկփեղկվածությամբ պետական և վերպետական ուժերի միջև, մի բան, որը նախագահ Թրամփին ստիպում է արմատապես վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Չխորանալով Արևմուտքի նման ուժային երկփեղկվածության բուն պատճառների ու դրա ընթացիկ վիճակի մեջ, ասենք, որ այն ԵՄ-ի համար ծնել է դժվար լուծելի ու ընդհուպ մինչև գոյաբանական պրոբլեմների մի փունջ։
Այստեղ պրոբլեմի արմատը կայանում է նրանում, որ ԵՄ-ը, ունենալով ահռելի տնտեսական, գիտատեխնոլոգիական ու քաղաքակրթական հզորություն, չունի դրանք պաշտպանող սեփական ուժ ու միջոցներ, քանի որ երկրորդ աշխարհամարտից հետո միշտ լինելով ԱՄՆ-ի հզոր պաշտպանության ներքո, չի էլ մտածել իր սեփական ուժերն ունենալու մասին։
Այդ և բազմաթիվ այլ հիմնարար պատճառներով ԵՄ-ը ներկայում հայտնվել է մի կողմից Թրամփի ԱՄՆ-ի ճնշման, մյուս կողմից էլ Ռուսաստանից եկող վախի ճնշման տակ, մի վիճակ, որ ստիպում է նրան ստեղծել սեփական հզոր ռազմական արդյունաբերություն և հզոր միասնական բանակ։
Այս իմաստով, արտաքին ճնշումների ու բազմաթիվ ներքին անկայունությունների պատճառով ԵՄ-ը կանգնած է լուրջ գոյաբանական պրոբլեմների լուծման անհրաժեշտության առաջ, մի բան, որը պահանջում է նրանից բարձրանալ դեպի ներքին միավորվածության որակապես նոր մակարդակ։
Այս իմաստով էլ, գտնվելով հայտնի ու անհայտ տարբեր ճնշումների դաշտում, զրկված լինելով Ռուսաստանից եկող էժան էներգակիրներից և ունենալով ներքին երկպառակությունների բազմաթիվ պոտենցիալ աղբյուրներ և բացի դրանից, ունենալով ինքնուրույնությունից զուրկ թույլ քաղաքական վերնախավ, ԵՄ-ը կանգնած է լրջագույն ու արտակարգ բարդության որոշումների կայացման ճամփաբաժանում, այն էլ՝ սկզբունքային բնույթի անորոշությունների պայմաններում։
Նման գլոբալ բնույթի անորոշությունների պայմաններում գտնվում է ոչ միայն ԵՄ-ը, այլ նաև ամբողջ աշխարհը, որի աննախադեպ արագությամբ աճող բարդությունը բերում է որակապես նոր բնույթի գոյապայքարի, այն է՝ պետական տեսակի հզորությունների ու վերպետական ֆինանսական ու կազմակերպական բնույթի հզորությունների միջև։
Այնպես որ, մենք գնում ենք դեպի կազմակերպական հին ու հավերժական սկզբունքների վրա կառուցվող նոր աշխարհ, որտեղ ուժերի ու հզորությունների միավորման համար կարևոր կլինի շահերի համընկնումը, իսկ հակառակի համար՝ շահերի հակասությունը և կպարզվի, որ նախկին գլոբալ թշնամիները նոր պայմաններում գլոբալ բարեկամներ են դարձել և հակառակը՝ գլոբալ բարեկամները դարձել են գլոբալ թշնամիներ։
Նոր պայմաններում էլ իրար սեր բացատրելու ու գլոբալ հարմոնիայի պայմաններում ապրելու ուտոպիստական պլանները գոյություն ունենալու շանս պարզապես չունեն։
Պավել Բարսեղյան